ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Ընտրությունների նախապատրաստման, ընտրացուցակների ճշգրտման, ընտրական հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման համար ՀՀ ոստիկանության պետի հրամանով արդեն իսկ ստեղծվել ու գործում է օպերատիվ շտաբ։
Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
«Ընտրության և դրան հաջորդող օրը ոստիկանությունում կազմակերպվելու է «թեժ գիծ» ծառայություն, որին ներգրավված են լինելու նաև ոստիկանության` օտար լեզուների տիրապետող ծառայակիցներ` միջազգային ու տեղական դիտորդների հետ օպերատիվ կապ ապահովելու համար»,– ասաց նա։
Ոստիկանությունը մինչ քարոզարշավի մեկնարկն ու դրա ընթացքում արդեն արձանագրել է ընտրական իրավախախտման 172 դեպք, որից 101-ին ընթացք է տրվել, մնացած դեպքերը ստուգվում են։
Ֆիդանյանը հայտնեց, որ դեպքերից 17–ը վերաբերում է ընտրակաշառքին, 10–ը` քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 1-ը` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, 14-ը` գույքը (քարոզչական պաստառներ և այլն) դիտավորությամբ վնասելուն, 8-ը` խուլիգանությանը, ծեծին ու սպառնալիքին։
«6 հաղորդում ստացվել է կուսակցություններից ու դաշինքներից»,– ասաց Ֆիդանյանը։
Ով է Քոչարյանի քարոզարշավին մասնակցած ոստիկանը. փոխոստիկանապետը մեկնաբանել է դեպքը
Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն ու 4 դաշինք։