Վարդան Կոստանյանը Իրանում Հայաստանի առևտրական կցորդ է նշանակվել

Առևտրական կցորդը պետք է Հայաստանի տնտեսվարողների շահերի պաշտպանությունն ապահովի իրանական շուկայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, որն այժմ կատարում է վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները, Վարդան Կոստանյանին Իրանում Հայաստանի առևտրական կցորդ է նշանակել։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։

«Վարդան Կոստանյանին 2021 թվականի հուլիսի 1-ից նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով»,– նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այս տարվա ապրիլին էր առաջարկել, որ Հայաստանն Իրանում առևտրական կցորդ ունենա։ Որոշման նախածի համաձայն` Հայաստանից ԻԻՀ կգործուղվի համապատասխան պաշտոնյա գիտակ անձ՝ առևտրական կցորդ, որը պատշաճ և մշտական հիմունքներով կարող է ապահովել Հայաստանի տնտեսվարողների շահերի պաշտպանությունն իրանական շուկայում։ Նա պատշաճ ձևով կներկայացնի նաև մեր երկրի առաջնահերթությունները, տնտեսության զարգացման պահանջներից բխող առևտրատնտեսական ոլորտի համագործակցությանն ուղղված առաջարկությունները, առևտրային մասով ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կանոնակարգումները։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանի ու Իրանի առևտրաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 400 200 000 ԱՄՆ դոլար, որից 84 800 000–ը` Հայաստանից արտահանման ցուցանիշն է, 315 400 000–ը` Իրանից Հայաստան ներմուծումը։

Ինչ վերաբերում է առևտրային կցորդի ինստիտուտին, ապա այն Հայաստանում ներդրվել է 2004-2005 թվականներից։

Այսօր Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդներ ունի Բելառուսում, Ավստրիայում, Շվեյցարիայում ու Թուրքմենստանում։