Պետությանը պատճառվել է 300 մլն դրամի վնաս. պաշտոնյաների նկատմամբ հարուցվել է 15 քրգործ

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք պայմանավորվել են անշարժ գույքի գնահատում իրականացնող մի ընկերության հետ, ինչի արդյունքում ընկերության մասնագետները կազմել են 15 կեղծ եզրակացություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. 2021թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են 2016-2020թթ. –ի սեփականաշնորհման գործարքները։

Պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք 2016-2017թթ.–ին պայմանավորվել են անշարժ գույքի գնահատում իրականացնող «Ֆ...» ընկերության  հետ, ինչի արդյունքում ընկերության մասնագետները կազմել են 15 կեղծ եզրակացություն։

Չարաշահումներ` ՀՀԿ-ական նախկին պատգամավորի եղբոր օրոք. քրեական գործ է հարուցվել

Նշված ընկերության կողմից վավերացված այդ եզրակացություններով 378.700.000 ՀՀ դրամ իրական արժեքով գույքերը գնահատվել են ընդհանուր 135.016.137 ՀՀ դրամ կամ իրենց իրական արժեքից 3 անգամ պակաս։

Այս կեղծ եզրակացությունները հիմք է ընդունվել անշարժ գույքի օտարման մրցութային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում այդ 15 գույքերն օտարվել են ընդհանուր 79.144.580 ՀՀ դրամով կամ իրական արժեքից շուրջ 5 անգամ պակաս։

Այս գործընթացի հետևանքով պետությանը պատճառվել է 299.555.420 ՀՀ դրամի վնաս:

ՀԿԵ-ի գույքը գողանալու և չարամտորեն վնասելու դեպքերը 2,5 անգամ ավելացել են

Հայտնաբերված փաստերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է 15 քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Նախաքննությունը  հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: