ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Արցախի կառավարությունը մշակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ, որը կառավարությունում հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:
Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Օրինագծի նպատակն է 1991-94 և 2016 թվականներին` Ադրբեջանի, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված (օկուպացված) տարածքներին շնորհել իրավական կարգավիճակ ու դրանց վրա տարածել իրավական հատուկ ռեժիմ։
Բացի այդ, օրենքը սահմանելու է նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու, իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների, շահերի պահպանությունն ու պաշտպանությունը։ Իսկ դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, ընկնում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի վրա:
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի և Ալիևի` Շուշի կատարած այցին
Օրենքի ընդունմամբ, բռնազավթված տարածքի կարգավիճակ կստանան Արցախի բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կամրագրվի նաև, որ դրանք Արցախի անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում են Արցախի Սահմանադրությունն ու օրենքները:
Օրենքով ամրագրվելու է նաև, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Իսկ այդ կարգի խախտումն առաջացնելու է օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։
Իրավական հետևանքներ է առաջանալու նաև Արցախի բտռնազավթված տարածքներում ԱՀ օրենսդրության խախտմամբ տնտեսական գործունեություն իրականացնելը։
Օրենքն ամրագրելու է նաև բռնազավթված տարածքներում գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ խախտումն առաջացնելու է Արցախի օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։
Բռնազավթված տարածքներում ստեղծված ցանկացած օրենսդիր, գործադիր, դատական, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինի գործունեությունն ու կայացրած որոշումները ևս համարվելու են անօրինական:
Նշենք, որ Արտակ Բեգլարյանն այս օրինագծի մասին գրառումն իրականացրել է Էրդողանի ու Ալիևի Շուշի կատարած այցի ու այնտեղ հնչած հայտարարությունների ֆոնին։
«Արցախի Հանրապետության կառավարության հստակ դիրքորոշումն այն է, որ նրանց գործողությունները ապօրինի են»,– արձանագրել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արդբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի էին այցելել Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը։