Ժնևում հայ և օտարերկրացի ցուցարարները դիմել են Պուտինին ու Բայդենին. տեսանյութ

Ցուցարարները Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներին կոչ են արել հիշել ռազմավարական ու բարոյական պատասխանատվության մասին, որը իրենց երկրները ստանձնել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Ժնևում ցույց է կայացել ՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։ Բողոքի ակցիան նվիրված է եղել Վլադիմիր Պուտին–Ջո Բայդեն հանդիպմանը, որը մեկնարկել է Ժնևում:

Ցուցարարների թվում էին Շվեյցարիայում ապրող հայեր, տեղի բնակիչներ, ինչպես նաև Ժնևի քաղաքային խորհրդի անդամներ Սեբաստիեն Դեֆայեն, Լուիզա Թրոթեն, Պատրիկ Դիմյեն և Սիլվեն Տևոն:

«Շվեյցարիայի հայերը երկու առաջնորդներին հիշեցնում են բարոյական և ռազմավարական պատասխանատվության մասին, որը նրանք ստանձնել են հայկական պետության և Արցախի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը չի կարող սակարկության առարկա լինել», - ցույցի ժամանակ հայտարարել է շվեյցարահայ համայնքի ղեկավարներից մեկը՝ Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը։

Հավաքվածների ձեռքերում էին Հայաստանի, Արցախի և Շվեյցարիայի դրոշները և պաստառներ` «ԵԱՀԿ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության համար», «Մի հաստատեք բռնապետի կազմած քարտեզները․ ո՛չ ստալինյան քարտեզներին» գրություններով։

«Ադրբեջանը շարունակում է պահել հայ գերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը։ Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի լիակատար աջակցությամբ սպառնալ Հայաստանին», - իր ելույթում հայտարարել է Սիլվեն Տևոն։

Պուտինի ու Բայդենի` նեղ կազմով բանակցություններն ավարտվեցին. տեսանյութ

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերին քաղաքային խորհրդի մի քանի ներկայացուցիչներով նրանք նախագիծ են ուղարկել Ժնևի խորհրդարան՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ:

«Ցավոք, որոշ պատգամավորներ հրաժարվում են աջակցել այդ բանաձևին՝ վկայակոչելով երկրի չեզոքությունը, սակայն դրանով նրանք փրկում են Շվեյցարիայի տնտեսական կապերը Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության (SOCAR) հետ», - նշել է Տևոն:

Նշենք, որ նման ցույցեր եվրոպական քաղաքներում պարբերաբար են անցկացվում։