Հայաստանում սերիալ է նկարահանվում Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վիպակի հիման վրա

Սերիալի պրոդյուսերներն են Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանները, ռեժիսորը ՝ Արման Մարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանում արդեն մեկնարկել են գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա սերիալի նկարահանումները։ Տեղեկությունը հաղորդում է նախագծի մամուլի ծառայությունը:

Բազմասերիանոց ֆիլմը բաղկացած կլինի 24 րոպեանոց 10 սերիայից և էկրան կբարձրանա 2021-ի վերջին, օնլայն կինոթատրոններից մեկում:

Netflix-ը ձեռք է բերել Հրաչյա Քեշիշյանի և Սարիկ Անդրեասյանի մեկական ֆիլմ

Սերիալի վրա աշխատում են պրոդյուսերներ Ղևոնդ ու Սարիկ Անդրեասյանները, սցենարիստ Հայկ Ասատրյանը, ռեժիսոր Արման Մարությանը։ Գլխավոր դերերը կատարում են երիտասարդ դերասանուհիներ Կատյա Տեմնովան և Կարինա Ղահրամանյանը։

Գործողությունները սերիալում, ինչպես և գրքում, ծավալվում են Հայաստանում 1980-ականներին։ Սերիալը պատմում է խորհրդային տարբեր ազգությունների երկու ընտանիքների ներկայացուցիչների բարեկամության մասին:

«Նկարահանման հրապարակում էի, երբ առաջին կադրերն էին արվում ու կոտրվում էր բաղձալի ափսեն։ Ես ծանոթացա արտիստների հետ, նրանք հիանալի էին, ռեժիսորի և սցենարիստի հետ, ովքեր մեծ ակնածանքով էին վերաբերվում աշխատանքին։  Շատ եմ սպասում սերիալին: Տոնի սպասման հրաշալի զգացում ունեմ», - մեջբերում են Աբգարյանի խոսքերը։

«Չմոռանաս ինձ»․ բրիտանական պարբերականը ֆիլմ է ներկայացրել հայկական մշակույթի մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վիպակը Storytel աուդիոգրքերի և MyBook բաժանորդագրության ծառայությունների հետազոտությունների համաձայն` ընդգրկվել է ռուսաստանցիների ամենասիրելի մանկական ստեղծագործությունների թվում: