ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է, որ անթույլատրելի են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում մուրճի անընդհատ ցուցադրությունն ու պատկերավոր համեմատությունները, ինչը մարդկանց մոտ կարող է առաջացնել մուրճով հարցեր լուծելու պատկերացումներ։ Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Փաշինյանը մարզային հանդիպումերի ժամանակ մի մուրճ է ցույց տալիս` ասելով, որ եկել է պողպատյա հեղափոխություն անելու ժամանակը կամ էլ` դրա միջոցով են լուծելու մի շարք հարցեր հետագայում։
«Մշտադիտարկումը վկայում է, որ մուրճի հետ կապված բառապաշարն ավելի է բռնության հետ ասոցացվում (օրինակ՝ «սա ժողովրդի չագուճնա, ու հունիսի 20-ին այս չագուճը իջնելուա ձեր դատարկ գլուխներին» և այլն): Անթույլատրելի է իրավապահ մարմիններով սպառնալը նախընտրական քարոզարշավի մասնակից մյուս քաղաքական ուժերին («ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկնել» և այլն)»,–ասում է Թաթոյանը։
Նա նկատում է, որ Փաշինյանի նման հռետորաբանությամբ ելույթներից հետո այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս նույն սկզբունքով սկսում են ատելության ու բռնության բառապաշարով հայտարարություններ անել:
ՄԻՊ–ն ասում է նաև, որ ՀՀ վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ համայնքապետների նկատմամբ: Կոնկրետ դեպքում խոսքն այն մասին է, երբ խոսվում է քրեական գործեր հարուցելու և քրեակատարողական հիմնարկների մասին։
Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով. ՄԻՊ-ը զգուշացնում է
«ՀՀ վարչապետի պաշտոնակատարի` զանգվածային ազատումների մասին խոսելը կապվում է աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների և կամայականությունների, գործադիր իշխանության կամայական միջամտությունների հետ»,–գրում է Թաթոյանը։
Տպավորություն է, թե հայտարարված է մրցույթ՝ ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի․ ՄԻՊ
Նա հավելում է, որ նշված հարցերին անդրադարձի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի հավաքների ժամանակ մարդկանց մոտ ընկալվում է հենց ՀՀ վարչապետի, այլ ոչ թե պաշտոնակատարի կարգավիճակով: