Երևանում երեխաները թթվասերից ու կաթնաշոռից են թունավորվե՞լ․ ՍԱՏՄ ստուգումների արդյունքը

«Բիոկաթ» ընկերության՝ հունիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը հետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik.ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Երևանի «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ-ի և «Ծիածան» ՍՊԸ-ի երեխաների զարգացման կենտրոններում ու պարզել, որ երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին։

Վայքի մանկապարտեզից սուր ինֆեկցիաներով երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց

Հունիսի 8-ին հայտնել էինք, որ երևանյան մանկապարտեզներից մեկից 11 երեխա է տեղափոխվել Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կենտրոն»։

ՍԱՏՄ-ի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ նույն օրը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգեր են ստացել, որ նշված մանկապարտեզներում երեխաները թունավորվել են «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու հետևանքով: Նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացել նաև այլ քաղաքացիներից:

Ստուգումներ են անցկացվել նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում: Մանկապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության՝ հունիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը հետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից:

ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ներկայացված կաթնաշոռի և թթվասերի նմուշները ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններ կաթնամթերքը առաքվել է միևնույն փոխադրամիջոցով, որի սառնարանը անսարք է եղել և չի գործել:

«Բիոկաթ» ՍՊԸ-ում ստուգումը շարունակվում է, կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթները կկասեցվեն:

Երևանում հոսպիտալացված 11 երեխաներից 5–ը դուրս են գրվել, 6–ը շարունակում են բուժումը