ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Բարգավաճ Հայաստանն» այսօր քարոզարշավի էր մեկնել Շիրակի մարզ։ Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպումը «Թատերական» հրապարակում էր: «Բարգավաճ Հայաստան» առաջնորդին դիմավորեցին կրկնակի աղ ու հացով:
Ծառուկյանի խոսքով` հզոր պետություն ունենալն անհնարին է, քանի դեռ մարդիկ ապահովված չեն աշխատանքով, չեն փակվել ժողովրդի վարկերը: «Մենք ունենք 650 հազար ընտանիք, բայց 2 մլն 187 վարկառու: Այսինքն` ամեն ընտանիքից 3-4 հոգի վարկ է վերցրել: Մարդիկ դրա համար ոչ մեկին ո՛չ ուզում են լսել, ո՛չ հավատալ»,- նշեց Ծառուկյանը:
Նա խոստացավ իշխանության գալու պարագայում 1 մլրդ դոլար գումար հատկացնել վարկերի մարմանը:
ԲՀԿ առաջնորդը «դոմիկներում» բնակվող անձանց խոստացավ բնակարաններով ապահովվել: «3 ամսում Աբովյանում 20 հատ շենք եմ կառուցել՝ հազար հոգու համար, պետությունը կկարողանա 1 տարում 2500 հոգու համար տուն կառուցել, երիտասարդ ընտանիքների համար էլ պետք տուն կառուցեք, որ ամուսնանան, բազմանան, զարգանան»,-վստահեցրեց Ծառուկյանը:
Որպես իր կուսակցության առաջնահերթություն Ծառուկյանը նշեց՝ Հայաստանի բնակավայրերում զարգացնելու է այն արդյունաբերական ճյուղերը, ինչով զբաղվել են Սովետական Միության ժամանակ: «Պայման պետք է ստեղծենք, որ մարդիկ հետ վերադառնան, աշխատեն ու երջանիկ ապրեն: Ես շուտ եմ ասել՝ էս անփորձ երիտասարդները պետք է հրաժարական տան՝ մեծ-մեծ խոսում են, բայց փորձ չունեն»,-նշեց Գագիկ Ծառուկյանը:
Խոսելով Հայաստանի անվտանգության մասին՝ Ծառուկյանը նշեց, որ պետք է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: «Այսօր Հայաստանը վտանգի տակ է: Քայլ-քայլ առաջ են գալիս:Մեր սահմանները պետք է պահեն հայ և ռուս զինվորները, որ դրանք անսասան լինեն, որ անգամ ճանճ չանցնի»,- նշեց նա:
«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին
«Բարգավաճ Հայաստան» առաջնորդը սևն ու սպիտակը վերացնելու և համախմբվելու կոչ արեց:
Նշենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7–ին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։