Էրդողանի անհրավեր այցը դիտարկում ենք որպես ուժի ցուցադրման նոր փորձ․ Արցախի պատգամավորներ

Ըստ Արցախի պատգամավորների`Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարած այցի հետ։

«Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների որդեգրում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա

Շեշտվում է, որ Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:

«Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը նոր մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին և ԱՀ-ին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին: Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի է նոր վտանգներով»,–նշում են խմբակցությունների Արցախի պատգամավորները:

Հիշեցնենք՝ Էրդողանը պաշտոնական այցով Բաքու է մեկնել երեկ։ Այսօր նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ուղևորվել է Շուշի: Ըստ տեղեկությունների՝ նրանք «Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին» համաձայնագիր են ստորագրելու։