Արման Թաթոյանին մտահոգել է Փաշինյանի` մուրճի ցուցադրումն ու «կվալդից» խոսելը

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ` հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգված է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական ելույթների ժամանակ «կվալդից» խոսելուց ու մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելուց։

Մարդու իրավունքների պաշտպանի անունից կեղծ հարցումներ են անում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ այս ամենը վտանգավոր քննարկումներ է առաջացնում, մասնավորապես` մուրճի ցուցադրումից հետո ընդդիմության աջակիցները սոցիալական ցանցերում հրապարակում են մուրճի նկարներ՝ համեմատելով Փաշինյանի մուրճի հետ ու նշելով, թե իրենց հրապարակած մուրճն ինչ իրական կիրառություն է ստանալու:

Թաթոյանն անդրադարձել է նաև վարչապետի պաշտոնակատարի քարոզչական հռետորաբանությանը։

«Պետք է դադարեցնել անորոշ անձանց շրջանակի ուղղված «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» մարդու իրավունքների տեսանկյունից խիստ վտանգավոր արտահայտությունների օգտագործումը: Այս անթույլատրելի հռետորաբանությունն ասոցացվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ: Ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթ նկատի ունի իրավապահ մարմինների կողմից նման արարքներ կատարելը, բայց իրավապահ մարմիններն առաջնորդվում են բոլորովին այլ կանոններով և «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չթփրտացնելու» կատեգորիաներով ղեկավարվելու որևէ իրավունք չունեն»,– նշում է Թաթոյանը:

Փոխադարձ մեղադրանք և հայհոյանք. ՄԻՊ-ն ասել է` ինչպես պետք է լինի քաղաքակիրթ ընտրապայքարը

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ` հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նախընտրական քարոզարշվաթ մեկնարկել է հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։