ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Armenia ավիաընկերությունը կավելացնի Ռուսաստանի մայրաքաղաք թռիչքների հաճախականությունը` հասցնելով շաբաթական մինչև երկու չվերթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ավիաընկերության մարքեթինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանը։
Հունիսի 14-ից Armenia–ի ինքնաթիռները շաբաթական երկու չվերթ կիրականացնան` երկուշաբթի և չորեքշաբթի օրերին դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։ Մինչ այդ ավիաընկերությունը միայն «Վնուկովո» էր թռչում։
«Հունիսի 14-ին «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում կայացավ Armenia ավիաընկերության նոր չվերթի բացումը։ Հաշվի առնելով ուղևորների շրջանում բարձր պահանջարկը` մենք որոշեցինք ավելացնել չվերթերի հաճախականությունն ու թռչել նաև «Շերեմետևո»», – ասաց Կոստանդյանը։
Նրա խոսքով` «Շերեմետևոն» հարմար է ինչպես իր տեղակայման առումով, այնպես էլ տրանզիտային և միակցված չվերթերի քանակի։ Այնտեղից օդանավերը թռիչքներ են իրականացնում տարբեր ուղղություններով` Ռուսաստանի քաղաքներ, Եվրոպա, ԱՄՆ։
Կոստանդյանը նշեց, որ առաջին չվերթը, ինչպես Երևանից, այնպես էլ հակառակ ուղղությամբ 100%-ով բեռնված էր։
Հիշեցնենք, որ Armenia ավիաընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և կանոնավոր չվերթեր է իրականացնում մի շարք ուղղություններով։
Ներկա պահին օդանավերն իրականացնում են կանոնավոր թռիչքներ դեպի Մոսկվա, Թբիլիսի, Վորոնեժ, Մինվոդի, Եգիպտոս, ինչպես նաև չարտերային չվերթեր դեպի Իրան և մի շարք զբոսաշրջային ուղղություններ` Հունաստան, Կիպրոս, Խորվաթիա, Եգիպտոս։
Նախատեսվում է վերականգնել դեպի Սոչի, Կրասնոդար, Եկատերինբուրգ, Դոնի Ռոստով չարտերային չվերթերը։
Ավիաընկերությունը երեք Boeing տեսակի ինքնաթիռ ունի` Boeing 737-500, Boeing 737-700 և Boeing 737-800։