Երևանաբնակ կինը ամուսնուց թաքուն վաճառել է երեխային․ մեղադրանք է առաջադրվել 5 անձի

Երիտասարդ կինը ծննդաբերությունից հետո ամուսնուն ասել է, թե նորածինը մահացել է։ Երեխայից «ազատվելու» հարցում օգնել է կնոջ մայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14  հունիսի - Sputnik. Նորածնի առուվաճառքի փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա հղի կինը 2018թ. գարնանը իր մոր հետ որոշել է վաճառել ապագա երեխային:

Դաժան դեպք Արարատում. 59-ամյա կնոջը սպանել են հարսի աչքի առաջ` դանակի բազում հարվածներով

29-ամյա կնոջ մայրը զանգել է «սուրոգատ» մայր փնտրելու վերաբերյալ հայտարարություն տեղադրած՝ Երևանի 45-ամյա բնակչուհուն, հայտնել է, որ դուստրը հղի է, ծննդաբերությունից հետո պատրաստվում է երեխայից հրաժարվել և առաջարկել է 1.200.000 ՀՀ դրամ գումարի դիմաց որդեգրել երեխային:

«Երևանի բնակչուհին, ընդհանուր համաձայնության գալով 29-ամյա կնոջ և նրա մոր հետ, իր միջոցներով հղի կնոջը տարել է տարբեր բժշկական կենտրոններ՝ հետազոտման և հաշվառման ներկայացրել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: 2018թ. օգոստոսի 20-ին վերջինս ծննդաբերել է աղջիկ երեխա, սակայն ամուսնուն հայտնել է, որ ծննդաբերության ժամանակ երեխան մահացել է»,–նշված է  հաղորդագրության մեջ:

Նրանք երեխային վերցրին, ես էլ ծննդաբերեցի ու մոռացա. ի՞նչ գիտենք փոխնակ մայրության մասին

2018թ. օգոստոսի 23-ին, Երևանի բնակչուհու փաստաբանի ուղղորդմամբ, 29-ամյա կինը երևանաբնակ կնոջ ամուսնու հետ գնացել է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ամուսնության պալատի տարածքային բաժին և դստեր հայրությունը ճանաչելու համար սուտ տեղեկություններ հաղորդել այն մասին, թե իբր վերջինս հանդիսանում է երեխայի հայրը:

«Որոշեցի չհեռացնել պտուղը, գիտեի` լավ կլինի». Նանեն ծնվել է պարանոցին գլխից մեծ ուռուցքով

Այնուհետև կեղծ որդեգրման գործընթացն ապահովելու համար օգոստոսի 29-ին, կրկին փաստաբանի ուղղորդմամբ, երևանաբնակ ամուսինները և 29-ամյա կինը գնացել են Նոտարական տարածք, որտեղ վերջինս և Երևանի բնակչուհու ամուսինը, ներկայանալով որպես նորածնի ծնողներ, համաձայնություն են տվել, որպեսզի իրենց անչափահաս դստերը որդեգրի 45-ամյա կինը, իսկ 29-ամյա կինը և նրա մայրը երեխայի վաճառքի համար մաս-մաս՝ կանխիկ և բանկային փոխանցումներով, ստացել են ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումար:

Կատարվածի մասին իմացել են երեխայի իսկական հայրը և վերջինիս մայրը ու հետ են վերցրել երեխային:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա կնոջը, նրա մորը և երևանաբնակ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով, երեխայի վաճառքը կեղծ որդեգրում կատարելու միջոցով) իսկ փաստաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (կեղծ որդեգրում կատարելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Արարատում 39-ամյա կինը վաճառել է նորածնին