Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ազգային միասնության ավտոերթով իր հետ գնալ Սյունիք

Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ Սյունիք էր մեկնել ապրիլի 21–ին։ Այցի ժամանակ նրան վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես թույլ չէին տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ է անում վաղը` հունիսի 15-ին, միասին գնալ Սյունիք։ Այս հայտարարությամբ նա այսօր հանդես է եկել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում`ընտրողների հետ հանդիպմանը։

«Հայաստանի բոլոր քաղաքներից, գյուղերից մեր հայրենակիցներին կոչ ենք անում վաղը 07:30-ին Երևանի Հանրապետության հրապարակից միանալ ազգային միասնության ավտոերթին դեպի Սյունիքի մարզ՝ մեր եղբայրներին մեր սերը, մեր խոնարհումը, մեր հպարտությունը և աջակցությունն արտահայտելու»,– ասել է Փաշինյանը։

«Քաղաքացիական պայմանագիրը» Սյունիքում քարոզարշավ կանցկացնի 2 օր` հունիսի 15-16-ին։ Հանրահավաքներ են նախատեսված Սիսիան, Գորիս, Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան և Գորայք համայնքներում։

«Ես բոքսի օրենքները չգիտեմ»․ Փաշինյանի աներձագը չմենամարտեց Սյունիքի նախկին մարզպետի հետ

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ Սյունիք էր մեկնել ապրիլի 21–ին։ Այցի ժամանակ նրան վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Գործարք եմ առաջարկում». Փաշինյանը չի մեկնի Գորիս, Կապան ու Մեղրի

Ավելի ուշ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ։

Նույն օրը Սյունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին հրահանգել էր պատասխանատվության ենթարկել Մեղրիում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին։

Այս հանձնարարությունից հետո տասնյակ սյունեցիներ բերման ենթարկվեցին, նրանց նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր խուլիգանության ու զանգվածային անկարգությունների կասկածանքով։