Կարմիր խաչի նախագահը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ հայ գերիների հարցն իրենց ուշադրության ներքո է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն իր և իր ղեկավարած կազմակերպության լիարժեք ուշադրության ներքո են»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պետեր Մաուրերը մասնավորապես ասել է, որ 2020 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական գործողությունների առաջին իսկ օրերից կազմակերպությունը հանդես է եկել մարդասիրական օգնությամբ և պատրաստակամությունը հայտնել հետագա գործունեությունը ծավալել՝ միջազգային հանրության կողմից ԿԽՄԿ-ին տրամադրած մարդասիրական մանդատի շրջանակում:

Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերին՝ նամակ էր հղել ապրիլի 30–ին` ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 84 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։

Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին