Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Արարատում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացին իր քվեով կարող է արդար քննության պահանջ ներկայացնել քննչական մարմնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Հոկտեմբերի 27-ի վերաբացված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այսօր Արարատում, 1999թ–ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Հոկտեմբերի 27-ի նահատակների ու հերոսների հոգիները, ոգին և ուժն այսօր մեզ հետ են. Փաշինյան

Արարատի հրապարակում հավաքված ընտրողներին Փաշինյանը հիշեցրեց, որ քրեական գործը վերաբացվել էր դեռ 2020թ–ի փետրվարին` տուժողի իրավահաջորդ, Հոկտեմբերի 27-ի զոհ Յուրի Բախշյանի այրու` Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա։

«Իհարկե, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով քննչական գործողություններ տեղի չէին ունենում, որպեսզի վարակի տարածումը կանխվի։ Հետո եկավ պատերազմը։ Բայց ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ նախաքննությունը բացված է, և ԱԱԾ–ն վարում է այդ քննությունը»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև շեշտեց, որ ՀՀ քաղաքացին իր քվեով կարող է արդար քննության պահանջ ներկայացնել քննչական մարմնին ու արդարադատության համակարգին, որպեսզի այդ գործերի բոլոր հնարավոր նրբությունները բացահայտվեն։

1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել է ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Փաշինյանը հիշեց «հոկտեմբերի 27»-ն ու թվարկեց Սերժ Սարգսյանի ընտանիքին վերաբերող փաստեր

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։