Հայ հոգեբույժները քաղաքական ուժերին կոչ են անում չվիրավորել իրենց շահառուներին

Հոգեբույժները նշել են, որ քարոզարշավի ընթացքում օգտագործվում են բազմաթիվ ձևակերպումներ և գնահատականներ, որոնք հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար կրում են խարանավորող, հեգնող, վիրավորական կամ քննադատական բնույթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են ծանրագույն փորձություն դառնալ ցանկացած մարդու կյանքում և հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն աջակցության և նրբանկատության:

«Զոմբի», «ոհմակ», «բորենի». Թաթոյանը դատապարտում է վիրավորելն ու ծաղրելը

Հայկական հոգեբուժական ասոցիացիան հանդես է եկել ուղերձով, որում դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում խարանավորող արտահայտությունների գործածումը։

Հոգեբույժները կոչ են անում զերծ մնալ պիտակավորող արտահայտություններից ու դրսևորել առավելագույն հարգանք հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ։

«Երկրում օրեցօր շիկացող քաղաքական իրավիճակը բերել է հանրային դիսկուրսի լարվածության աճի, ինչի հետևանքով հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող անձանցից շատերի կողմից վերջին օրերին թույլ են տրվում մարդու արժանապատվությունը վիրավորող, ակնհայտորեն բռնություն քարոզող և լսարանի հոգեկան առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող արտահայտություններ։ Սրան զուգահեռ օգտագործվում են բազմաթիվ ձևակերպումներ և գնահատականներ, որոնք հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար կրում են խարանավորող, հեգնող, վիրավորական կամ քննադատական բնույթ»,– ասված է ուղերձում:

Բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը. ԿԸՀ–ն հայտարարություն է տարածել

Հոգեբաններն արձանագրում են, որ քաղաքական գործիչները, պետք է հասկանան, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են ծանրագույն փորձություն դառնալ ցանկացած մարդու կյանքում և հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն աջակցության և նրբանկատության:

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն ու 4 դաշինք։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կավարտվի հունիսի 18-ին։

«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը