ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ որոշ ուժեր ու գործիչներ Հայաստանում հակառուսական և նույնիսկ բացահայտ ռուսատյաց դիրքերից են հանդես գալիս։
«Հասկանում ենք, որ կա կարծիքների բազմազանություն, բայց փորձ է արվում ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին՝ այն երկրին, որը եղել և մնում է Հայաստանի ու նրա ժողովրդի կողքին այս դժվարին ժամանակաշրջանում։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի բանի վրա՝ անկախ հռետորաբանությունից՝ նպատակը մեկն է՝ ճեղք ստեղծել և հարված հասցնել ռուս-հայկական հարաբերություններին։ Տպավորություն է ստեղծվում, որ սա է հիմնական խնդիրը։ Վստահ չեմ, որ նման դիրքորոշումը բխում է Հայաստանի իրական շահերից», - նշեց դեսպանը։
Ռուս դիվանագետի կարծիքով՝ նման տրամադրությունները ծառայում են ոչ թե հայկական, այլ օտարերկրյա շահերին։
«Մենք գիտենք, որ հիմա բարդ իրավիճակ է։ Չափազանց բարձր է առճակատման մակարդակը միջազգային ասպարեզում։ Լարվածություն է առաջանում հետխորհրդային տարածքի տարբեր հատվածներում։ Եվ փորձեր են արվում դա օգտագործել ինչ-որ կողմնակի շահեր իրականացնելու համար, այդ թվում ՝ աշխարհաքաղաքական։ Մենք այս ամենը տեսնում ենք, հասկանում», – ասաց Կոպիրկինը։
Դիվանագետը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ նման փորձերը չեն կարող անդառնալի վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին:
«Մեր ժողովուրդների բարեկամության և փոխգործակցության ավանդույթներն ու հիմքերը քանդելը հեշտ չէ»,- շեշտեց նա։
Դեսպանն ավելացրեց, որ իրենք միշտ պատրաստ են Ռուսաստանի մասին գնահատականներ լսել, այդ թվում՝ քննադատական:
Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին