ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Բոլորը զգացողություն ունեին, որ Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է, ասել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ Երևանում կայացած «Լազարյան ակումբի» նիստի ընթացքում։ Քաղաքական գործչի խոսքով՝ այդ զգացողությունը սնվում էր մի քանի գործոններից։
«Ակնհայտ էր, որ բանակցային գործընթացը սառեցված է․ հայկական կողմը խուսափում է բանակցություններից, ըստ ամենայնի՝ առանձնապես չպատճառաբանելով դա։ Եվ, ինչպես հայտնի է, եթե դիվանագիտությունը լռում է, խոսում են թնդանոթները»,-նշել է Ղուկասյանը։
Միաժամանակ Արցախի նախկին ղեկավարը չի մեկնաբանել այն հարցը, թե ինչպես և ինչու Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություններն ու հետախուզությունը չեն կարողացել «տեսնել» հսկայական քանակությամբ զորքերի կենտրոնացումը շփման գծի ողջ երկայնքով: Ղուկասյանի խոսքով՝ ինքը պետությունը չի ներկայացնում և իրավասու չէ պատասխանել այդ հարցին։ Նա հույս ունի, որ կգա ժամանակը, երբ բոլորը կստանան հանրությանը հուզող այդ բոլոր հարցերի պատասխանները։
Ղուկասյանը նաև հավելել է, որ պաշտոնաթող մարտական գեներալները հնարավորություն չեն ունեցել մասնակցել մարտական գործողությունների պլանավորմանը, խորհուրդներ տալ, նրանց արգելել են մտնել տխրահռչակ «բունկերը»:
Հանդուգն մարտահրավեր միջազգային հանրությանը. Կազիմիրովը վերլուծել է Արցախյան պատերազմները
Հիշեցնենք, որ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերի վրա՝ շփման գծի ողջ երկայնքով։ Առաջնագծի մարտական գործողություններից բացի, ադրբեջանական բանակը զանգվածային հրթիռահրետանային ռմբակոծության է ենթարկել Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակավայրերը՝ առավելագույն վնաս պատճառելով բնակչությանը: Հարվածների արդյունքում զոհեր են եղել նաև քաղաքացիական բնակչության շրջանում, ավերվել են Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: