Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել

Հայ դիրքապահների և ռուս սահմանապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Սյունիքի Տեղ գյուղի 2 բնակիչ երեկ՝ հունիսի 12-ին, հայտնվել են ադրբեջանական տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս սահմանապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

Սյունիքում ռուսական ռազմական ներկայությունն ուժեղացված է․ Կոպիրկին

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։