ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ

Իրականացվել է հայրենիք վերադարձած գերիների առողջական վիճակի ուսումնասիրություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արդեն հանդիպել ու առանձնազրույց են ունեցել երեկ՝ հունիսի 12-ին, հայրենիք վերադարձած 15 ռազմագերիների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ»,- նշված է հաղորդագրության հետ։

Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ

Հանդիպման ընթացքում իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի արդյունքներով ձեռնարկվելու են անհրաժեշտ գործողություններ:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։