ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում մերժեց Նիկոլ Փաշինյանի գրանցումն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն անվավեր ճանաչելու մասին դիմումները։
Դիմումներից մեկը ներկայացրել էր Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Նա ԿԸՀ-ից պահանջելում էր անվավեր ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել:
Ղազարյանի դիմումի հիմնավորումներից մեկն այն է, որ հունիսի 7-ից նախընտրականքարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը «իբրև թե պաշտոնապես արձակուրդում գտնվելով՝ քարոզարշավի է մեկնում ՀՀ վարչապետին հատկացված տրանսպորտային միջոցներով՝ օգտագործելով հանրային միջոցներ, մեքենա, վառելանյութ, վարորդի ծառայություններ և այլն, խախտելով «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածի պահանջները․․․»։
Էդգար Ղազարյաի պնդմամբ՝ սրանով արդեն իսկ անհավասար պայմաններ են ստեղծվում ընտրություններին մասնակցող մյուս թեկնածուների նկատմամբ։
ԿԸՀ-ն նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ մերժեց վարչական վարույթի հարուցումը։ Նա ընդգծեց, որ դիմումը չի ներկայացվել իրավասու անձի կողմից, այսինքն` նման դիմում կարող է ներկայացնել միայն ընտրություններին մասնակցող կուսակցությունը:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս դիմում էր ներկայացրել ԿԸՀ՝ առաջարկելով վերջինիս դիմել Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար։ Զոհրաբյանի հիմնավորմամբ՝ կուսակցության քարոզարշավներն ընթանում են վիրավորանքներ հնչեցնելով:
Փաշինյանի մուրճի թեմայով Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Մուկուչյանը այս դեպքում ևս ընդգծեց, որ դիմումը ենթակա է մերժման։ Ի թիվս մի շարք այլ հանգամանքների՝ նաև դիմումն իրավասու անձի կողմից չի ներկայացվել։ Հիշեցրեց՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունն է իրավասու նման դիմում ներկայացնել։
Երկու դիմումներն էլ ԿԸՀ խորհուրդը մերժեց 5 կողմ, 0 դեմ ձայներով։
Մերժման որոշումները կարող են եռօրյա ժամկետում բողոքարկվել Վարչական դատարան: