Հ1-ը չի կարող ստանալ ՄԻՊ-ի աջակցությունը․ Թաթոյանը՝ «Պատիվ ունեմ»-ի բողոքի վերաբերյալ

Պաշտպանը հոլովակը չհեռարձակելու գործի վերաբերյալ հարցումներ է ուղարկում Հանրային հեռուստանկերությանն ու ՀՌԱՀ-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես կառավարության հիմնադրած հեռուստաընկերություն, չի կարող ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը «Պատիվ ունեմ» դաշինքի հետ կապված գործով: ՄԻՊ գրասենյակն արձագանքել է երեկ Հանրային հեռուստաընկերությունից ու «Պատիվ ունեմ» դաշինքից ստացված դիմումներին՝ նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով։

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հեռացվեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակից

Նշենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությունը դիմել էր ՄԻՊ-ին՝ նշելով, որ «Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր» են արվում և հեռուստաընկերությունն ակնկալում է պաշտպանի «հրատապ արձագանքը» և «կոչ անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության և ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը»՝ նկատի ունենալով «տարբեր քաղաքական ուժերի» հայտարարութունները, թե հեռուստաընկերությունը նախընտրական հոլովակների ցուցադրման հարցում ցուցաբերում է խտրական մոտեցումներ: Պաշտպանին ուղղված բողոքում Հանրայինն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է տարբեր քաղաքական ուժերի տրամադրած և օրենքի տեսանկյունից վիճելի հոլովակների ցուցադրմանը:

«Այլ կերպ՝ ՀՀ կառավարության հիմնադրած կազմակերպությունը, այն է` Հանրային հեռուստաընկերությունը ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանից պաշտպանություն ոչ պետական կազմակերպության՝ քաղաքական ուժի արարքներից»,- ընդգծում է պաշտպանի գրասենյակը։

«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

Մյուս կողմից, ՄԻՊ-ին բողոքով դիմել է «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը և նշել, որ Հանրայինն առաջնորդվում է խտրական մոտեցմամբ, մերժել է իրենց նախընտրական քարոզչական հոլովակի հեռարձակումը՝ նշելով, թե այն պարունակում է վիրավորանք և զրպարտություն: Դիմումում նշվել է, որ այս արարքն ունի քաղաքական դրդապատճառներ, դրա հիմքում կառավարության կոնկրետ հրահանգն է։

«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ հեռուստաընկերությունն իրավասություն չունի որոշելու, թե ինչն է վիրավորանք կամ ինչը զրպարտություն, իրականացվել է գրաքննություն։ Դիմում-բողոքում նաև նշվում է, որ դրանից առաջ հեռարձակել է ակնհայտ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններով այլ քաղաքական ուժերի քարոզչական հոլովակներ, այդ թվում՝ իրենց վերաբերյալ:

Փաշինյանի առաջարկը Հայաստանի համար նոր վտանգներ է պարունակում․ «Պատիվ ունեմ» դաշինք

Պաշտպանի գրասենյակը հիշեցնում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կոնկրետ գործով «մասնավոր, այն էլ քաղաքական կազմակերպության նկատմամբ պաշտպանի իրավասություն չի սահմանում»: Ուստի կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող այս գործով ստանալ պաշտպանի աջակցությունը, քանի որ ՄԻՊ-ի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ։

«Կոնկրետ դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի բողոքն ուղղված է կառավարության հիմնադրած հեռուստաընկերության դեմ, որն, ըստ դաշինքի բողոքի, գործել է հենց կառավարության հրահանգով»,- ընդգծում է ՄԻՊ գրասենյակը։

Ուստի «Պատիվ ունեմ» դաշինքի հոլովակի չհեռարձակելու դեպքի գործով Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր հարցումներ կուղարկի Հանրային հեռուստաընկերություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ)։ ՄԻՊ-ն ընդգծում է, որ դրանից հետո միայն հնարավոր կլինի գնահատել Հանրային հեռուստաընկերության արարքը։