Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

Հայ գերիներին Բաքվից հայրենիք վերադարձնելու աշխատանքները չեն դադարում։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է ևս 6-ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:

«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունի խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով», - ասաց դիվանագետը։

Նրա տվյալներով՝ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։ Սակայն աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարում։

Սյունիքում ռուսական ռազմական ներկայությունն ուժեղացված է․ Կոպիրկին

Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ հունիսի 8-ին հայ զինվորական էր մոլորվել ու շնորհիվ Մուրադովի օպերատիվ գործողությունների, որը շփման մեջ էր ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, հաջողվել է լուծել խնդիրը:

«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է», - եզրափակեց նա։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին