ՌԱԴԻՈ

Հայ գերիների դատավարության արդյունքները միջազգայնորեն չեն կարող ընդունվել. իրավապաշտպան

ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 26 հայ ռազմագերիների հետ կապված հարցին, որոնց գործերն արդեն ուղարկվել են վարույթ և քննվելու են Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում:
Sputnik
Հայ գերիների դատավարության արդյունքները միջազգայնորեն չեն կարող ընդունվել. իրավապաշտպան

Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ` ադրբեջանական կողմի հարուցած դատավարությունները շինծու բնույթ են կրում։ Դրանց ընթացքում խախտվել են մեր քաղաքացիների հիմնաքարային իրավունքները, հետևաբար այդ դատավարությունների արդյունքները միջազգայնորեն չեն կարող լինել ընդունելի։

Ըստ նրա` հայ ռազմագերիներից որևէ մեկը ներկայացված չէ իր կողմից ընտրված պաշտպանի միջոցով, իսկ պաշտպանության իրավունքը առանցքն է. եթե անձին պաշտպանվելու իրավունք և հնարավորություններ չեն տրվում, ապա դատապարտման օրինականությունն արդեն իսկ կասկածի տակ է առնվում։

«Որևէ մեկը միամտորեն չի հավատում, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ֆինանսավորվող և նշանակված հանրային պաշտպանները հայատյացության այս մթնոլորտում կարող են ապահովել պաշտպանության իրավունքի իրացումը։ Սա ընդամենը մի ասպեկտն է։ Մենք գործ ունենք նաև խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցների օգտագործման հետ, ինչը ևս անթույլատրելի է, էլ չեմ խոսում առհասարակ այս գործը քննող դատավորների անաչառության և անկախության մասին, որովհետև քաղաքական պատվերով գործեր քննելը հիմնախնդիրներից մյուսն է»,– նշեց իրավապաշտպանը։

Այդուհանդերձ, Սահակյանը լավատեսորեն է տրամադրված, որովհետև բոլոր հայ ռազմագերիների գործերը գտնվում են ՄԻԵԴ–ում, որն իր հերթին վերահսկողություն է իրականացնում նաև ներպետական դատարանների կողմից իրականացված արդարադատության նկատմամբ և կարող է գնահատական տալ, թե արդյո՞ք անձի դատապարտումը չի խախտում կոնվենցիայի արդար դատաքննության իրավունքը։

Հայտնի են դարձել 26 հայ գերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանում

Սահակյանի կարծի​քով` կարճ ժամանակ անց բոլոր գանգատների առարկաները փոխվելու են և մենք ունենալու ենք վեճ միջազգային դատական ատյանում, որը պահանջելու է ադրբեջանական քրեական գործի և դատավարության նյութերը, ուստի այս փուլում ադրբեջանական իշխանությունների ողջ դեմքը պարզվելու է միջազգային հանրության առջև, հենց միջազգային հարթակներում մերկացվելու է ադրբեջանական կողմի զեղծարարությունը, ինչը բնորոշ է բազում այլ գործերին։

Իրավապաշտպանի պնդմամբ` ՀՀ իշխանությունների ռեսուրսները պետք է ուղղվեն Ադրբեջանի պաշտոնատար անձանց առնչությամբ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմների գործարկմանը, և միջազգային հանրությունն իսկապես կարող է իրավիճակը փոխել, շտկել, առավել ևս, որ Ադրբեջանը միջազգային ճնշումներին դիմակայելու բավարար ռեսուրս չունի։

Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ–ի մասին

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան