ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. 15 հայ գերիներն արդեն Հայաստան են հասել։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«15 րոպե առաջ նրանք հատել են Հայաստանի սահմանը և գտնվում են ՀՀ–ում։ Երկու օր առաջ հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ, որն ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանձնարարությամբ ինքն ունի առաքելություն այդ օրերի ընթացքում ինչ–որ ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում։ Ռիքերը նշեց` եթե մենք պատրաստ ենք նման համագործակցության, ապա իրենք էլ պատրաստ են ներգրավվել այդ գործում»,–մանրամասներ ներկայացրեց Փաշինյանը։
Նրա խոսքով` գործադրված ջանքերի, այդ թվում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԵՄ գործընկերների գործուն ջանքերի շնորհիվ էլ 15 տղաները վերադարձան Հայաստան։
Փաշինյանը նշեց, որ 15 հայ տղաները Կարմիր կամրջով Ադրբեջանից մտել են Վրաստան և Բագրատաշենով հասել ՀՀ։ Նրանք հիմա բուժզննության կենթարկվեն։
Փաշինյանը հավելեց նաև, որ այսօր անպայման գերիների հարազատներին հնարավորություն կտրվի տեսակցել տղաներին։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են։
Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։
Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։
Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։
Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց