ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. 15 հայ գերիներին հայրենիք վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք բերելու հարցում վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը, որը քաջատեղյակ է իրավիճակին:
Հարցն այն է, որ Շահումյանի շրջանում (Քելբաջար) ադրբեջանցի լրագրողների պայթելուց հետո ադրբեջանական կողմը համառորեն միջնորդներին խնդրել է օգնել ականապատ տարածքների քարտեզները ստանալու գործընթացում:
Մեր աղբյուրը հայտնել է, որ վերջին շրջանում գեներալ Մուրադովը սերտ շփումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ հրամանատարության հետ։
Հիշեցնենք` րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են։
Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։
Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։
Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։
Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց