ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու գործընթացին: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թբիլիսին ապագայում նույնպես պատրաստ է մասնակցել երկրների միջև հումանիտար հարցերի կարգավորմանը:
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ակտիվ միջնորդությամբ ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացու: <...> Վրաստանը ապագայում էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել գործընկերներին և ակտիվորեն մասնակցել առաջին հերթին հումանիտար հարցերի լուծմանը», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են։
Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։
Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։
Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։
Բաքուն հայտնում է, որ 15 հայ գերի են տվել Աղդամի ականապատ տարածքների քարտեզի դիմաց