ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում այսպիսի համոզմունք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Համոզված եմ, որ ապագային միտված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կշարունակեն կանխորոշել Երևանի և Մոսկվայի համատեղ քայլերը՝ ի նպաստ մեր պետությունների զարգացման և Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման»,–նշված է նախագահի ուղերձում։
Արմեն Սարգսյանի խոսքով` Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բարեկամական բնույթը մշտապես արտացոլվում է ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ էին հղել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։