ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Քննություն է տարվում՝ պարզելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավ իրականացնելուն առերևույթ խոչընդոտելու դեպքի հանգամանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«2021թ. հունիսի 9-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից 2021թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ իրականացվել է քարոզարշավ, որի ընթացքում, Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան 4 հասցեի մոտակայքում գտնվող զրուցարանում, մի քանի անձինք առերևույթ խոչընդոտել են նախընտրական քարոզչություն իրականացնելուն, ինչի հետևանքով զրուցարանում գտնվող և քարոզարշավ իրականացնող անձանց միջև սկսվել է վիճաբանություն, որն էլ վերածվել է ծեծկռտուքի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փոխադարձ մեղադրանք և հայհոյանք. ՄԻՊ-ն ասել է` ինչպես պետք է լինի քաղաքակիրթ ընտրապայքարը
Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՔՊ կուսակցության մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է դեպքի մանրամասները։ Նրա խոսքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4 անդամներ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ են իրականացրել, որի ընթացքում մոտեցել են համակիրներին։ Նրանց մեջ եղել է մի տղամարդ, որը հայհոյանքներ է հնչեցրել բոլոր քաղաքական գործիչների հասցեին։
Արշակյանը և մյուս ՔՊ–ականները փորձել են հանդարտեցնել նրան՝ նշելով, որ չի կարելի։ Այդ ժամանակ նրանց են մոտեցել 10 հարբած երիտասարդ, փորձել են ՔՊ անդամների վրա բռնություն գործադրելով՝ խոչընդոտել քարոզարշավը։ Ալեքսանյանի հավաստմամբ՝ դրանից հետո ՔՊ անդամները դիմել են ինքնապաշտպանության և ուժ են կիրառել, որի հետևանքով երիտասարդներից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ՔՊ–ականները շարունակել են իրենց քարոզարշավը։ Նրանցից ոչ մեկը չի տուժել։
Արտահերթ, բայց ոչ արտառոց. հոլանդական ընտրություններն ու հայ «չգործարար» թեկնածուները