Փաշինյանը պետք է Խաչատրյաններից ներողություն խնդրի․ դատարանը մերժել է բողոքը

Դատարանն ընդգծել է, որ ԶԼՄ-ների չստուգված հրապարակումները չէին կարող հիմք դառնալ ՀՀ վարչապետի մակարդակով նման հայտարարությունների համար, երբ վերջինս կարող էր ցանկացած տեղեկություն ստուգել և խույս տալ ապատեղեկատվությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի բողոքը։ Տեղեկությունը հայտնում է Խաչատրյանների փաստաբանական թիմը։ «Խաչատրյաններն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով Վերաքննիչ դատարանի հրապարակված որոշմամբ արձանագրվել են վիրավորանքի և զրպարտության հասցեականությունը և առկայությունը, փաստական հիմքերի բացակայությունը և այլն։ Դատարանը նաև արձանագրել է, որ Նիկոլ Փաշինյանն իր միջնորդավորված խոսքով (մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմամբ) Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների անունները կապել է «մաֆիոզ համակարգ» եզրույթի հետ, և դա զուրկ է եղել որևէ փաստական հիմքից։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

«Մասնավորապես բացակայել է վերջիններիս առնչությունը որևէ քրեական գործի հետ, որն ուղղակիորեն կապված է ՀՀ քրեական օրենսգրքով հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հետ։ Եվ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի մեղսագրումը դեռևս հիմք չէ նրան և նրա որդիներին կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ ղեկավարելու մասով հրապարակային պնդումներ հնչեցնելու համար։ Բացի այդ, քաղաքացիական գործի նյութերում բացակայում է գրառմամբ մեջբերված մի շարք էպիզոդներով, մասնավորապես` UCOM ընկերության կոռուպցիոն ծագմամբ փայաբաժնի մասով որևէ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստական տվյալ»,- գրված է Վերաքննիչ դատարանի վճռում։

Դատական համակարգի որոշումներից իշխանությունը նեղվում է. Փաշինյան

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ բացակայել է Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների առնչությունն այնպիսի քրեական գործի հետ, որն օբյեկտիվորեն հիմք կտար պնդելու, որ վերջիններս ՀՀ-ում «ղեկավարել են մաֆիոզ համակարգ, այդ համակարգի ղեկավարման ընթացքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն»։

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերն անվավեր են ճանաչվել. դատարանը բավարարել է Ջհանգիրյանի հայցը

Դատարանը նաև ընդգծել է, որ լրատվամիջոցների չստուգված հրապարակումները չէին կարող հիմք դառնալ «ՀՀ վարչապետի մակարդակով նման բովանդակություն պարունակող հայտարարությունների համար՝ «նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինս ունենալով ամենալայն լիազորությունները և տիրապետելով բազմաթիվ ռեսուրսների, ցանկացած տեղեկատվություն կարող էր ստուգել և խույս տալ ապատեղեկատվությունից»։

Հիշեցնենք՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը 2020 թվականի ապրիլի 28-ին Facebook-ի իր էջում գրառում էր արել Խաչատրյանների ընտանիքի մասին` նշելով, որ ՀՀ կառավարության ունեցած տվյալներով` Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն։ Ըստ Գևորգյանի` վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը:

Դեռ այս տարվա հունվարին Երևան քաղաքի դատարանը վճռով պարտավորեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից, նրա գործարար որդիներ` Գուրգեն Խաչատրյանից և Արտյոմ Խաչատրյանից վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել հրապարակայնորեն: