Մենք գալիս ենք պաշտպանելու մեր սահմանները․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ առկա ճգնաժամերից մեկն էլ բավական կլիներ իշխանափոխության համար, բայց մեր երկրում ճգնաժամերի փաթեթ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Հայաստանում նախկինում երբեք չեն եղել ընտրություններ, երբ թիվ մեկ հարցը լինի անվտանգությունը։ Երևանի Էրեբունի համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ դաշինքի առաջնորդը նշեց, որ իրենց թիմը մեծ պատասխանատվության տակ է մտնում։

Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. Gallup–ի հարցման արդյունքը

«Հայաստանում կա միաժամանակ երեք ճգնաժամ՝ մեկն անվտանգային է, քանի որ երկիրն անվտանգ չէ, սահմանները պաշտպանված չեն, բանակը ջախջախված է, երկրորդը՝ տնտեսական ճգնաժամն է, քանի որ աճում է գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, և երրորդն էլ ներքաղաքական ճգնաժամն է՝ ատելության մթնոլորտը: Ու այս ամենն արհեստածին ստեղծված է, այսօրվա վարչախմբի աշխատանքի արդյունքն է»,- ասաց Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ թվարկված ճգնաժամերից յուրաքանչյուրը բավարար է իշխանափոխության համար, բայց «Հայաստանում կա ամբողջ փաթեթը»։

ՀՀ երկրորդ նախագահն իր ելույթում շեշտեց, որ նման վիճակ նախկինում երբեք Հայաստանում չի եղել։ Նրա խոսքով՝ իրենց թիմն իշխանության է գալիս 3 գլխավոր նպատակներով։

«Ապահովելու երկրի անվտանգությունը, շտկելու բանակի այսօրվա վիճակը, պաշտպանելու մեր սահմանները: Մենք գալիս ենք հաղթահարելու տնտեսական ճգնաժամը, ապահովելու տնտեսական վերելք, ստեղծելու աշխատատեղեր ու կանգնեցնելու արտագաղթը: Ի դեպ, Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածում միայն իմ նախագահության երեք տարիներին ենք ունեցել ներգաղթ, և սա պետք է կրկնենք, և կարող ենք կրկնել: Վերջապես, մենք գալիս ենք հանգստություն բերելու մեր հասարակությանը»,- նշեց Քոչարյանը:

Նիկոլ Փաշինյանը գաղտնալսե՞լ է Օնիկ Գասպարյանին․ հետաքրքիր բացահայտումներ

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Մասնակցում են 21 կուսակցություն ու 4 դաշինք։

Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին ու կավարտվի հունիսի 18-ին։