Անհապաղ ազատել հայ ռազմագերիներին․ Չեխիայի պատգամավորների պալատի կոմիտեի կոչը

Չեխ պատգամավորներն ընդունված բանաձևով կոչ են անում Ադրբեջանին հետագայում ևս զերծ մնալ կամայական կալանքներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Համապաստան բանաձևն ընդունվել է հունիսի 10-ին։

Հայտնի են դարձել 26 հայ գերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանում

«Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հունիսի 10-ին բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական անձանց և հետագայում զերծ մնալ կամայական կալանքներից»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչ-հորդորով Բաքվին են դիմել մի շարք միջազգային կառույցներ ու տասնյակ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը և այլն։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ–ի մասին