ՌԱԴԻՈ

Ադրբեջանցիները հետ կքաշվե՞ն. Կութում խոստացել են խնդիրը լուծել մինչև ընտրությունները

Սիմա Չիտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց` կութեցիներին ասել են, որ շուտով բոլոր խնդիրները կլուծվեն, իրենք դարձյալ հանգիստ կապրեն։
Sputnik
Ադրբեջանցիները հետ կքաշվե՞ն. Կութում խոստացել են խնդիրը լուծել մինչև ընտրությունները

Կութ այցելած պաշտոնյանները համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանին հուսադրել են, թե մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները սահմանային միջադեպերին, հայերի ու ադրբեջանցիների բախումներին վերջ կտրվի։

«Շուտով սահմանազատում կլինի, մենք մեզ համար կապրենք այստեղ, իրենք իրենց տարածքները կգնան»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Հարցին, թե այդ լուծումների մեջ մտնո՞ւմ է նաև ադրբեջանցիների հայկական տարածքներից հետ քաշվելու հարցը, Չիտչյանը կարճ պատասխանեց. «Ոչ թե հետ են քաշվելու, այլ գալու են, սահմանները ճշտեն»։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՊՆ

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։