Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են զորամասերում արձանագրված խախտումները

Վաղարշակ Հարությունյանը ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի հետ զրույցում ընդգծել է ԶՈւ–ում կոռուպցիոն դրսևորումների վերացման, գնումների և մատակարարումների թափանցիկության անհրաժեշտությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին այսօր զեկուցվել է զինված ուժերում իրականացվող ստուգումների, զորքերում կատարվող ուսումնասիրությունների արդյունքների մասին, ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զորամասերում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակացույցը և արձանագրված խախտումները: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Դատախազությունն արձագանքել է զորամասից հեռացած զինվորին ծեծելու լուրերին

Նշվում է, որ Հարությունյանն այսօր  խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: 

Վաղարշակ Հարությունյանը, վարչության պետ Գրիգոր Արամյանի և վարչության ղեկավար կազմի հետ զրույցում  ընդգծել է զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների վերացման, ինչպես նաև գնումների և մատակարարումների թափանցիկության ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև ՊՆ ներքին քննությունների վարչության անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է 2021 թվականի առաջին կիսամյակում զինված ուժերում արձանագրված խախտումների և տարվող քննությունների ընթացքի վերաբերյալ: Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ է տվել ուսումնասիրությունների առավել մանրակրկիտ իրականացման և առկա բոլոր թերությունների վերհանման ուղղությամբ:

Գարեգին Բ–ն զորամաս է այցելել և օրհնել ՊԲ հրամանատարներին ու ներկա զինվորականներին