Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել ԼՂ հարցը. Տեր-Պետրոսյանն ասաց` ովքեր են տիրապետում դրան

Առաջին նախագահը կարծում է, որ հիմա Արցախի կարգավորման հարցին փորձագետի մակարդակով 3 հոգի էլ չի տիրապետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ չի հասկացել Ղարաբաղի հարցը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե Փաշինյանն իր հետ ճանապարհ է անցել, արդյո՞ք ԼՂ հարցին չի տիրապետում։

«Նախկինում ես ասում էի, որ ԼՂ հարցին 6 հոգի են տիրապետում` ես, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը և ևս մեկը։ Իսկ հիմա Արցախի կարգավորման հարցին փորձագետի մակարդակով 3 հոգի էլ չի տիրապետում` կողքը լինելը, միասին ճանապարհ անցնելը ոչինչ չի նշանակում»,–նշեց Տեր-Պետրոսյանը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ի՞նչ կասի Փաշինյանի առաջարկի մասին Սյունիքում ստեղծված իրավիճակի առնչությամբ, ըստ որի` պետք է զորքերը հետ գնան, միջազգային դիտորդները կանգնեն խորհրդային սահմանին` Տեր–Պետրոսյանն ասաց, որ միջազգային հանրությունն է ճանաչել այդ սահմանը, ոչինչ փոխել հնարավոր չէ։

«Գարշելի է այդ երևույթը». Տեր–Պետրոսյանը` Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին

Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին դեպքերին` գերիներ վերցնել, հովիվ ծեծել, դա լինելու է այնքան ժամանակ, մինչև, ըստ Տեր-Պետրոսյանի, Հայաստանն Ադրբեջանի հետ պայմանագիր չկնքի։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։