ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Լյարդի հետ կապված հիվանդությունները լուրջ մարտահրավեր են դառնում Հայաստանի բնակչության համար, որովհետև հիվանդությունների աճող միտումը խիստ մտահոգիչ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը։
Ըստ նրա` Հայաստանի բնակչության 25-30 տոկոսը տառապում է լյարդային հիվանդությամբ, որը սովորաբար ընթանում է առանց կլինիկական արտահայտվածության։
«Մասնավորապես լյարդի շատ տարածված ոչ ալկոհոլային ճարպակալման հիմնական դրդապատճառներն են սխալ սննդակարգն ու անառողջ ապրելակերպը։ Կորոնավիրուսային համավարակն էլ իր հերթին ազդեց լյարդային հիվանդությունների աճի վրա, որովհետև սահմանափակումները մարդկանց զրկել են ակտիվ ֆիզիկական, առողջ ապրելակերպից, իսկ տարատեսակ դեղամիջոցների ընդունման արդյունքում դեղորայքային լյարդային ախտահարումը երբեմն դրսևորվում է ճարպակալման ձևով»,– ասաց նա։
Ղազինյանի խոսքով` Հայաստանում արդեն իսկ իրականացվել է լյարդի երկու հաջող փոխպատվաստում, որի ժամանակ կենդանի դոնորներ են եղել պացիենտների մոտ ազգականները։ Նա վստահեցրեց, որ լյարդի փոխպատվաստման վիրահատությունը Հայաստանում ամենամատչելին է, Հայաստանում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, և այդ հանգամանքը հաստատում են միջազգային գործընկերները։
Պատահական չէ, որ 2022 թվականին Հայաստանում կկայանա լյարդաբանների միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ։