Նախկինում Ադրբեջանն ավելի պատրաստ էր. Տեր-Պետրոսյանը` ԼՂ հարցի կարգավորման մասին

Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրվել էին, որ ոչ մի կերպ իրեն չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցնում է` իր իշխանության ժամանակ Ադրբեջանն ավելի քան պատրաստ էր ստորագրել ԼՂ հարցի կարգավորման պայմանագիր, քան դրանից հետո` այս 23 տարիների ընթացքում։ Տեր–Պետրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց այդ մասին` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչև իր հրաժարականը 1990-ականների հաղթանակը չամրագրեց։

«Ես ամրագրած այդ հաղթանակը փոխանցել եմ հաջորդ իշխանություններին։ Սակայն Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն այնպես էին տրամադրվել, որ ոչ մի կերպ ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել։ Եթե ես սկսեի փորձել դա անել, քաղաքացիական պատերազմ էր սկսվելու Հայաստանում»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Նա հավելեց, որ քաղաքացիական պատերազմի չտանելու համար էլ հրաժարական է տվել։

Նշենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։

Լավրովն ասել է՝ երբ ավելի հեշտ կլուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են