Մայիսի 12-ից ամեն օր ԱԽ նիստեր են անցկացվել, որոնց մասնակցել է նաև Արա Այվազյանը. Ավինյան

Տիգրան Ավինյանը շեշտեց` այն որոշումները, որոնց շուրջ անհամաձայնություններ են եղել, քննարկվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեղեկացնում է` մայիսի 12-ից սկսած` ամեն օր Անվտանգության խորհրդի նիստեր են անցկացվել, որոնց մասնակցել է նաև արդեն նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց այդ մասին` պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Այվազյանն իր ակնարկով։

Նիկոլ Փաշինյանը կրկին Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Հայտնել էինք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Նա ասել էր` հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այն պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ–ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետական շահի դեմ են եղել։

«ԱԳ նախարարն ի պաշտոնե Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցում էր, և բոլոր որոշումները կայացվել են հենց այդ նիստերին։ Այսինքն` բոլոր քննարկումների մասին Անվտանգության խորհրդի բոլոր անդամները տեղյակ են եղել»,–ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` եթե կոնկրետ մի հարցի շուրջ մեղադրանք հնչի, նոր կարող են կոնկրետացնել։ Ավինյանը ևս մեկ անգամ շեշտեց` անգամ այն որոշումները, որոնց շուրջ անհամաձայնություններ են եղել, քննարկվել են։

ԱԽ–ն հրապարակել է սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը

Անդրադառնալով ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանի` աշխատանքից ազատման դիմումը չստորագրելուն, Ավինյանը նշեց, որ այն չի ստորագրվել, քանի որ չէր կարող ԱԳՆ–ում առհասարակ նախարարի պարտականություններ կատարող չլինել։

Հիշեցնենք` հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

Էդմոն Մարուքյանը պատմեց, թե ինչ է քննարկվել վարչապետի հրավիրած ԱԽ հրատապ նիստում