Մակրոնը պատրաստվում է Էրդողանի հետ խոսել ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի բախման մասին

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ առաջիկա օրերին ցանկանում է մի շարք հարցեր քննարկել Թուրքիայի նախագահի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարծում եմ, որ որքան էլ մենք տարաձայնություններ ունենանք, պետք է միշտ խոսել։ Ես կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների մասին։ Կցանկանայի խոսել Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին», - ասել է Մակրոնը ասուլիսի ժամանակ։

Նա հայտնել է, որ Էրդողանի հետ իրենց հանդիպումը կկայանա մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հունիսի 14-ին Բրյուսելում։

Մակրոնը Ալիևին խորհուրդ է տվել թույլ տալ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն այցելի Ղարաբաղ

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։