ԵՄ–ն պատրաստ է 3 մլն եվրո տրամադրել Հայաստանին «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց

Այդ գումարի շրջանակներում դադարեցվելու է հայկական կոնյակի անվանման օգտագործումը և գովազդվելու է ընտրված նոր անվանումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Եվրոպան պատրաստ է 3 մլն եվրո տրամադրել Հայաստանին «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված աջակցության համաձայնագիրը։

ԵՄ–ում «հայկական կոնյակ» եզրույթին միշտ վերաբերվել են հեգնանքով 

Ֆինանսավորման համաձայնագրի նպատակն է խթանել «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը, ինչպես նաև աջակցել հայկական կոնյակի նոր անվանումով արտահանմանը և արտաքին շուկաներում դրա մրցունակ դիրքի պահպանմանը։

«Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններից է հայկական կոնյակի անվանման օգտագործումը դադարեցնելու և նոր անվանումը խթանելու համար լիազորված համապատասխան մարմինների համար կարողություննների զարգացումը, նոր ապրանքանիշի մշակումը` հիմնված ընթացիկ նախաձեռնությունների ուսումնասիրության և գնահատման, տեղական ու արտահանման ավանդական շուկաների համար նախատեսված շուկայահանման պլանի հիման վրա՝ ներառելով ապրանքանիշի դիրքավորումը, գաղափարախոսությունը, պատմության ներկայացումը, անվանումը, կարգախոսը, տարբեր թիրախային շուկաների համար գովազդային արշավի ճանապարհային քարտեզը և այլն»,– ասված է կառավարության ընդունած որոշման հիմնավորումներում։

Ծրագիրը ֆինանսավորվելու է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի իրականացման վերահսկողությունը դրվելու է Հայաստանում ԵՄ պատվիրակության ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վրա։

Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը

Հիշեցնենք` «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։

Ի դեպ, նույն համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաև «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչև 2043 թ-ը։