ԱԳՆ–ն պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա. փոխնախարարը` հրաժարականների մասին

Պարզաբանելով, թե ինչու է ինքը հրաժարականի դիմումից հետո շարունակում աշխատել, ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը հայտնել է, որ իր ու իր գործընկերների դիմումները բավարարվել են մասնակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Ինչպես պատահեց, որ ՀՀ ԱԳ նախարարությունը մնաց առանց նախարարի, իսկ հետո նաև առանց փոխնախարարների։ Այս հարցով այսօր կառավարության նիստից հետո լրագրողները դիմեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին։

ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, դա խայտառակություն է, ո՞վ պետք է գերիներին վերադարձնի. Քոչարյան

«Դե, ձեզ պատճառները հայտնի են,– ասաց նա,–մենք ասել ենք, որ ԱԳ նախարարությունը պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենա արտաքին քաղաքականության որոշման գործում։

Պարզաբանելով, թե ինչու է ինքն այդ պարագայում շարունակում աշխատել` փոխնախարարն ասաց.

«Ձեզ հայտնի է, որ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները տվել են ազատման դիմումներ։ Դրանք այս պահին բավարարվել են մասնակի»։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները։

Հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: