ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik.ՀՀ ոստիկանությունն արձագանքել է սոցցանցերում և մամուլում տարածված այն տեղեկություններին, թե հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում։
«ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները` չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին»,–նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Երևան քաղաքի անձնագրային և վիզաների վարչության որոշ ստորաբաժանումներում առաջացել են կուտակումներ, ինչը կապված է ինչպես առօրյա գործառութային, այնպես էլ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված պարտականությունների միաժամանակյա կատարման հետ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների ցուցակում ընդգրկվելու դիմումների ընդունման ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսի 10-ին, ուստի բոլոր դիմումատուներին ժամանակին սպասարկելու և օրենքով սահմանված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով հունիսի 9-ին և 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն առանց ընդմիջման, իսկ որոշ ստորաբաժանումներում (Նոր Նորքի և Արաբկիրի անձնագրային ծառայություններ) ավելացվել են սպասարկող աշխատակիցները: Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի»,–նշված է հաղորդագրության մեջ:
Կլինի՞ արդյոք ընտրությունների 2–րդ փուլ Հայաստանում. «Հրապարակ»
Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։
«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց` ինչու