«Որտեղ բարակ է, թող կտրվի». իշխանության գալու դեպքում Ուրիխանյանը հարցեր ունի Ռուսաստանին

Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը պատրաստ է իր որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ, ցավով հայտնեց, որ ՀՀ մակարդակը ստրատեգիական փոխգործակցությունից իջել է արդեն նման դիսկուրսի մակարդակի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik.Հայաստանի շահը Հայաստանի ու հայ ժողովրդի տիրապետման տակ գտնվող կայուն ու անսասան Զանգեզուրն է։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով ճանապարհների ապաշրջափակմանը վերաբերող հարցին։

Ուրիխանյանը նաև վստահություն հայտնեց, որ ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի տարածաշրջանային շահը ևս այս հարցում համընկնում է Հայաստանի շահին։

«Եվ եթե կան պայմանավորվածություններ, որոնք այդ շահերից դուրս են, ապա դրանք պետք է չեղարկվեն»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ին ու ՀՀ սահմանների անձեռնմխելիության հարցում այդ կառույցի դերին, ապա Ուրիխանյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժն ընտրություններում հաղթելու դեպքում Ռուսաստանից ստանալու է այդ հարցի պատասխանը ու այն ներկայացնելու է նաև հանրությանը։

Դեմարկացիան և դելիմիտացիան ՀՀ–ի համար մերժելի չեն, և պետք չէ այդ բառերից վախենալ. Փաշինյան

«ՀՀ–ն առայժմ գտնվում է այնպիսի անվտանգության համակարգում, որը հիմնված է երկրագնդի վրա գոյություն ունեցող ամենաուժեղ զինված ուժերից մեկի վրա, որի տիրապետման ներքո են միջուկային մարտագլխիկները և միջմայրցամաքային գերձայնային հեռահարության հրթիռները և այլն։ Այսինքն` հարց է առաջանում` բա եթե մենք այդքան ուժեղ ենք, ինչո՞ւ չենք կարողանում պատժել մեր սահմանը հատած ընդամենը մի քանի հարյուր թշնամիների։ Այս հարցի պատասխանը պիտի տա նաև ռազմավարական գործընկերը։ Ու մեր ամենակարևոր խոստումներից մեկն էլ ռազմավարական գործընկերոջից այս հարցի պատասխանը ստանալն է»,– ասաց Ուրիխանյանը։

Ընդ որում` սա միակ հարցը չէ, որ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածուն հնարավոր հաղթանակի դեպքում պատրաստվում է ուղղել ռազմավարական գործընկեր Ռուսաստանին։ Երկրորդ կարևոր հարցը վերաբերում է գերիների վերադարձին։

«Մենք պատրաստ ենք ընտրությունների հաջորդ օրն առավոտյան ռազմավարական գործընկերոջ առջև փոխադարձ հարգանքի, փոխգործակցության, բայց և պահանջատիրության մթնոլորտում դնել այդ հարցը, որի լուծումը պետք է տեղի ունենա նույն օրը երեկոյան։ Իսկ եթե դա տեղի չունեցավ, մենք չենք վախենալու իշխանություն կորցնելուց։ Օտարերկրյա ուժերի ազդեցությամբ, մասնավորապես` տարածաշրջանում որոշումների կայացման վրա ազդեցություն ունեցող գործընկերների, այդ թվում` ռազմավարական գործընկերների ազդեցությամբ այդ պահանջը դնելու ենք որպես առաջնային ու օրակարգային»,– ասաց Ուրիխանյանը` հույս հայտնելով, որ իր թափանցիկ ակնարկը հասկանալի է, ուստի ձեռնպահ մնաց այն ավելի պարզեցնելուց։

Նա նաև շեշտեց, որ եթե Հայաստանում այսօր կան ներկա ու նախկին իշխանություններ, որոնք վախենում են հզոր պետությունների, այդ թվում` ռազմավարական գործընկերոջ առաջ հարցեր դնելուց, ապա նման իշխանություններին պետք է վերջ տրվի։

Լավրովն ասել է՝ երբ ավելի հեշտ կլուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը

«Ես կարծում եմ` հարցը կլուծվեր վաղուց, եթե հայաստանյան իշխանությունները չվախենային գործընկեր պետությունների կողմից այլ կարծիք լսելուց»,– ասաց նա։

Ուրիխանյանը հիշեց ժողովրդական խոսքը` «Որտեղ բարակ է, թող կտրվի», և չբացառեց անհրաժեշտության դեպքում Հայաստանի անվտանգության ներկա համակարգը վերանայելու հնարավորությունը։

Մեկնաբանելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե ինքը պատրաստ է իր որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ` Ուրիխանյանը ցավ հայտնեց, որ ՀՀ մակարդակը ստրատեգիական փոխգործակցությունից իջել է արդեն նման դիսկուրսի մակարդակին։

Նշենք, որ Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է կուսակցությունը» խորհրդարանական ընտրություններում հանդես է գալիս 10-րդ համարի քվեաթերթիկի ներքո։