Վանեցյանը Ղրիմը ռուսական է անվանել և իրավիճակը համեմատել Լեռնային Ղարաբաղի հետ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը հիշեցրել է, որ Ղրիմի բնակչության ավելի քան 95 տոկոսը հանրաքվեի ընթացքում Ռուսաստանին միանալու ցանկություն է հայտնել, և շեշտել, որ բոլորը պետք է հարգեն ժողովրդի կամքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik.Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Ղրիմը ռուսական է անվանել:

«Ինձ «ռուսական լրտես» էր անվանում». Վանեցյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին

Սոլովյովն ուղիղ հարցրել է. «Ղրիմը ո՞ւմն է»: «Ղրիմը մերն է»,– պատասխանել է Վանեցյանը։ Սոլովյովը ճշտել է. «Հայաստանի՞նը»։ Վանեցյանը պատասխանել է. «Ղրիմը Ռուսաստանինն է»։

ԱԱԾ նախկին ղեկավարը հիշեցրել է, որ Ղրիմի բնակչության ավելի քան 95 տոկոսը հանրաքվեի ընթացքում Ռուսաստանին միանալու ցանկություն է հայտնել: Եվ բոլորը պետք է հարգեն ժողովրդի որոշումը։

Վանեցյանը զուգահեռներ է անցկացրել Ղարաբաղի հետ։ Նա հիշեցրել է, որ դեռևս անցյալ դարի 90-ական թվականներին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ևս ինքնորոշվեց հանրաքվեի միջոցով, բայց, ցավոք, ժողովրդի ինքնորոշման իրավունքը աջակցություն չստացավ։