ՌԱԴԻՈ

Ունե՞նք ԱԳՆ, որ ասի, թե որոնք են Հայաստանի շահերը. Պողոսյանը` Լավրովի հայտարարության մասին

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեսակետին և այդ խնդրի լուծման հեռանկարին։
Sputnik
Ունե՞նք ԱԳՆ, որ ասի, թե որոնք են Հայաստանի շահերը. Պողոսյանը` Լավրովի հայտարարության մասին

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` ՌԴ–ն արտգործնախարարի շուրթերով իր շահերն է ներկայացրել։ Պողոսյանին ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ունե՞նք արդյոք արտաքին գործերի նախարար, որն իր հերթին կտար այն հարցի հստակ պատասխանը, թե որոնք են Հայաստանի շահերը և ինչպես պետք է դրանք առաջ մղվեն։ 

«Եթե դարձել ենք մի երկիր, որտեղ չկա արտգործնախարար, չունենք պետական համակարգ, պատերազմում երկիրը մատնվել է պարտության, ապա այս ամենից հետո ինչո՞ւ ենք  զարմանում հայտարարությունների առթիվ, որոնք կարող են հնչել տարբեր երկրների կողմից։ Բոլորն էլ առաջնորդվում են նախևառաջ իրենց շահերով»,– նշեց Պողոսյանը։

Ղարաբաղում, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայված, խոշոր միջադեպեր չեն եղել. Լավրով
 

Նրա կարծիքով` Լավրովի ասածները պետք է ընդունել ի գիտություն, բայց եթե դրանք մեզ չեն բավարարում, պետք է լինեն գործողություններ։ Ըստ նրա` Հայաստանի շահից կբխեր այն, եթե աշխարհը հայտարարեր, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը և պաշտպաներ նրան։ 

«Մտածենք այն ուղղությամբ, թե ինչ պետք է անել, որ գոնե մեր դաշնակիցներն ինչ–որ չափով դիտարկեն այդ մոտեցումը։ Հիշու՞մ եք Պուտինի խոսքերը, երբ անդրադարձավ հոկտեմբերի 19-ի իրենց հնարավոր հրադադարի առաջարկին և շեշտեց, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ինչի՞ մասին ենք խոսում։ Եթե մեր շահերից է բխում, որ ռազմավարական դաշնակիցը կամ աշխարհում որևէ մեկը խոսի Արցախի կարգավիճակի այն մոդելի մասին, որն ամենաշատը բավարարում է մեզ, ապա առաջինը հենց մենք պետք է այդ քայլն անենք»,– նշեց նա։ 

Պողոսյանի պնդմամբ` 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ԱԺ–ն պետք է հավաքվեր ու ճանաչեր Արցախի անկախությունը, և այդ դեպքում չէին հնչի հետպատերազմյան շրջանի նման հայտարարություններ։ Ըստ նրա` հայկական կողմը 2018–ից ի վեր պետք է ճիշտ հունով տաներ բանակցությունների գործընթացը, շարունակեր կյանքի կոչել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումներում ամրագրված սկզբունքները, այլ ոչ թե նորամուծություններ աներ։    

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շատ ավելի հեշտ կլինի որոշել այն ժամանակ, երբ կողմերը վերադառնան լիարժեք խաղաղ կյանքի: Նա իր կարծիքը հայտնել է Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ։

Վանեցյանը Ղրիմը ռուսական է անվանել և իրավիճակը համեմատել Լեռնային Ղարաբաղի հետ

Լավրովը նպատակահարմար չի համարում շեշտը դնել այն հայտարարությունների վրա, որոնք հնչում են տարածաշրջանի մայրաքաղաքներից՝ ինչպես հակամարտության անմիջական մասնակիցներից, այնպես էլ նրանց հարևաններից։ Այդ հայտարարություններում գերիշխում են հույզերը։ Ռուսաստանն այդ պետություններին հորդորում է նպաստել խաղաղությանն ու նորմալ կյանքի հաստատմանը։