«Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո իրավիճակի կայունացման միտում է նկատվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է հետեւել հայ-ադրբեջանական սահմանի, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ շրջանների իրադրության զարգացմանը:

Այսպես շարունակվելու դեպքում ձախողումներն ավելանալու են. Թաթոյանը` սահմանների խնդրի մասին

Նա նշել է, որ կազմակերպությունը ողջունում է կողմերի` պետական սահմաններին վերաբերող հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունը։

«Մենք տեսնում ենք, որ այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար կա, միաժամանակ պահպանվում են իրավիճակի սրման ռիսկերը», - հավելել է Զասը։

Նրա խոսքով` ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմական գործողությունների դադարեցումից հետո անցած կես տարվա ընթացքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում դրական տեղաշարժեր են նկատվում իրավիճակի կարգավորման առումով:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վստահ է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերսկսման ուղղությամբ միջազգային բանակցողների ջանքերը հիմք են ստեղծում երկարատև խաղաղություն հաստատելու համար:

ՀՀ–ում ՌԴ դեսպանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

««Դաշտում» իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Կարևորն այն է, որ այլևս չեն կրակում», - ընդգծել է նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։