Քվե` սննդի դիմաց. երկու անձ բերման են ենթարկվել ընտրակաշառք բաժանելու համար

Բացահայտման համաձայն` կուսակցություններից մեկն ընտրողներին քվեի դիմաց հանձնվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք է բաժանում` նրանց ձայների դիմաց։

Պատասխանը լինելու է կոշտ․ Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի Գավառում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:

2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողությամբ։

ԲՀԿ–ի ընտրակաշառքի գործով մի քանի տասնյակ մեղադրյալներ կան. ԱԱԾ տնօրեն

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձնաց ընտրակաշառ տալը):

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա. Ա.-ն և Ս.Զ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության գավառի բաժին: Միջոցներ են ձեռնարկվում նշված հանցավոր արարքներում նաև այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու նպատակով:

Հերթը հասավ ՀՀԿ-ին․ թոշակառուին ընտրակաշառք տալու համար մեղադրանք է առաջադրվել