Այս փորձերի լավագույն պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն էր, որն ըստ էության մերժեց Ադրբեջանի հայցը Երևանի նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառման պահանջով՝ կապված ականապատ տարածքների կոորդինատները միակողմանի տրամադրելու ցանկության բացակայության հետ։ Ստրասբուրգում կարծես հասկացել են, որ լուրջ մարդասիրական խնդիրը նպատակաուղղված քաղաքականացվում է բացառապես քարոզչության, այլ ոչ թե դրա շուտափույթ լուծման նպատակով։
Ադրբեջանի կառավարությունն արդեն երկու անգամ Եվրոպական դատարանին բողոքել է Հայաստանի դեմ՝ Երևանին մեղադրելով ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելու համար և պահանջել միջանկյալ միջոցների շտապ կիրառում։ Մարտի 5-ին դատարանը որոշեց, որ այդ պահանջը բավարարելու հիմքեր չկան, քանի որ այն դուրս է այն պայմանների շրջանակներից, որոնց դեպքում կանոնակարգը թույլ է տալիս միջանկյալ միջոցներ կիրառել: Կրկնակի բողոքը նույն ճակատագրին արժանացավ։
Դատարանին այլ բան չէր մնում, քան Ադրբեջանի կառավարությանը պատասխանել, որ մարտի 5-ի որոշումն ուժի մեջ է մնում և որ հարկ չկա նորից վերադառնալ նույն հարցին։ Հատկանշական է, որ այդ հայտարարությունը տարածվեց նույն օրը, երբ Բաքվում նոր զանգվածային քարոզչական արշավ սկսեցին ականապատված տարածքների թեմայի շուրջ։
Բաքվի իշխանավորներին հիասթափեցրեց ոչ միայն Ստրասբուրգի դատարանը, այլև մի շարք եվրոպական և միջազգային կառույցներ։ Բաքվում վրդովված են, որ աշխարհի խոշորագույն լրագրողական իրավապաշտպան կազմակերպությունը հրաժարվել է կիսել ադրբեջանական տեսակետը Քարվաճառում հունիսի 4-ին տեղի ունեցած ողբերգության պատճառների վերաբերյալ: «Լրագրողներ առանց սահմանների»-ն չի համարել, որ Բաքվի պետական ԶԼՄ-ների երկու աշխատակիցների՝ ականի վրա պայթելու փաստը բավարար հիմք է հայերին սպանության մեղադրանք առաջադրելու համար:
Գերիների փոխանակման, ականազերծման խնդիրները պետք է լուծվեն առանց նախապայմանների. Լավրով
Ուրեմն, ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում այդ խնդիրը։ Բաքվում պնդում են, որ հայկական ուժերը, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները լքելուց առաջ, ականապատել են դրանք՝ հնարավորինս շատ ադրբեջանցիներ, այդ թվում՝ քաղաքացիական անձիք սպանելու նպատակով։ Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ պայթած ականների զոհերի թիվն արդեն հարյուրների է հասնում։ Դրա հետ կապված մի քանի հարց է ծագում։
Առաջինը՝ արդյո՞ք համոզիչ վկայություններ կան, որոնք ապացուցում են, որ բոլոր զոհերը հենց հայկական ականների վրա են պայթել։ Չէ՞ որ շփման գիծը երկու կողմից էլ ականապատված է եղել։ Մի՞թե մենք կարող են վստահ լինել, որ ադրբեջանցի սակրավորները կարողացել են սեփական ականների վնասազերծման հարյուր տոկոսանոց արդյունք ապահովել։
Երկրորդը՝ ինչո՞ւ են Բաքվում վստահ, որ ականադաշտերի քարտեզներն առհասարակ գոյություն ունեն։ Անգամ եթե դրանք կան, որտեղի՞ց նրանց երաշխիք, որ դրանք այնքան ճշգրիտ են, որ թույլ կտան լուծել խնդիրը։ Շփման գիծը երկու կողմից ականապատվել է գրեթե 30 տարի առաջ, երբ գործընթացին համակարգային մոտեցում չկար։ Դժվար թե բոլոր դրված ականների կոորդինատները հնարավոր լինել արձանագրել։
Անգամ եթե ականադաշտերի քարտեզներ գծելու փորձեր եղել են, դրանց ճշգրտության վրա այսօր հույս դնել չի կարելի։ Բացի այդ, դժվար է վստահ լինել, որ այդ բոլոր քարտեզները պահպանվել են։ Դրանք կարող էին պահվել սահմանամերձ զորամասերում, որոնք հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են։ Այնպես որ Հայաստանը անգամ մեծ ցանկության դեպքում չէր կարող բավարարել բոլոր ականադաշտերի քարտեզները տրամադրելու Ադրբեջանի պահանջը։
Երրորդ․ 21-րդ դարում բավականին հասանելի տեխնոլոգիաներ կան, որոնք թույլ են տալիս խնդիրն արդյունավետ լուծել առանց որևէ քարտեզի։ Պաշտոնական ադրբեջանական աղբյուրների տվյալներով՝ վերջին երեք ամսվա ընթացքում Թուրքիայից ժամանած մասնագետները ժամանակակից սարքավորումների շնորհիվ Արցախում ավելի քան 35 հազար ական են վնասազերել՝ 100 միլիոն քմ տարածքում։ Դա 10 հազար հեկտար է։ Այսինքն՝ այն տարածքի զգալի մասը, որտեղ կարող էին ականներ լինել, արդեն իսկ ականազերծված է։ Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում ինչ-որ քարտեզներ պահանջել, որոնց գոյությունը կասկածելի է։ Ստացվում է, որ Ադրբեջանին իրականում ոչ թե ականադաշտերի քարտեզներն են հարկավոր, այլ Հայաստանին դրանք տրամադրելու ցանկության բացակայության համար մեղադրելը։
Չորրորդ․ ականների պատճառով զոհվածների զգալի մասը հենց քաղաքացիական անձիք են։ Զոհերից 20-ը քաղաքացիական անձիք են եղել, 7-ը՝ զինվորական, վիրավորներից 86-ը քաղաքացիական են, 29-ը՝ զինվորական։ Ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ այն պայմաններում, երբ ժամանակին հայկական ուժերի վերահսկողության տակ տակ գտնված շրջաններ խստիվ արգելված է մտնել առանց հատուկ թույլտվության։ Հայտնի է, որ ռազմական գործողությունների դադարեցումից և եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի իշխանությունները խիստ պատիժ են սահմանել առանց թույլտվության Ղարաբաղ այցելելու համար։
Արցախում հակատանկային ականներ, թնդանոթի արկեր, հրթիռներ ու ավիառումբ են վնասազերծել
Բայց չնայած բանտում հայտնվելու կամ, որ ավելի վատ է, ականի վրա պայթելու ռիսկին, հազարավոր (այո, հենց հազարավոր) ադրբեջանցիներ արդեն եղել են նախկինում ԼՂՀ կազմում գտնվող շրջաններում։
Բաքվի ԶԼՄ-ների հրապարակումներից դատելով՝ նրանց զգալի մասը դիակապտությամբ զբաղվողներն են՝ գնում են լքված հայկական տները թալանելու։ Բայց ինչպե՞ս է նրանց հաջողվում հաղթահարել ճանապարհային անցակետերը։ Գալիս ենք այն եզրակացության, որ զինվորականներն ու իրավապահները, որոնք պարտավոր են խոչընդոտել Ղարաբաղ չարտոնագրված այցերին, անփութորեն են վերաբերում իրենց պարտականությունների կատարմանը։
Հարկ է նշել, որ Հայաստանի կառավարությունը երբևէ չի հայտարարել, թե հրաժարվում է աջակցել ռազմական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների լուծմանը։ Սրա տակ ենթադրվում է նաև ականազերծման հարցը։ Բայց որքանո՞վ է տեղին Հայաստանի միակողմանի քայլերի սպասելն այն պայմաններում, երբ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ապօրինի կերպով պահել հայ ռազմագերիներին, այլև նոր գերիներ է վերցնում։
Կոպտագույն կերպով խախտելով միջազգային կոնվենցիաների և եռակողմ համաձայնագրի պահանջները՝ Ադրբեջանն ըստ էության փորձում է կեղծ օրակարգ ստեղծել՝ նպատակ ունենալով արդարացնել իր գործողությունները։ Փորձելով առաջին պլան բերել ականապատված տարածքների հարցը՝ Բաքուն ձգտում է շեղել ուշադրությունը պայմանավորվածությունների իրագործմանը խոչընդոտող գլխավոր խնդրից։
Պաշտոնական Երևանը հրապարակավ չի հայտարարել, որ ականապատված տարածքների քարտեզների տրամադրումը կապում է ռազմագերիների խնդրի հետ։ Բայց Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը Փաշինյանի թիմում վերջին մարդը չէ, մի անգամ անկեղծորեն ասաց․ «Եթե քարտեզները կօգնեն փրկել մեր գոնե մեկ գերու կյանքը՝ Հայաստանի իշխանությունները կտրամադրեն դրանք»։ Ինչը նշանակում է՝ որքան շուտ Ադրբեջանը վերադարձնի հայ ռազմագերիներին, այնքան շատ ական կկարողանա ժամանակին ականազերծել։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված մեկնաբանության շեշտադրումները թույլ են տալիս նկատել, որ Մոսկվան իր կողմից ջանքեր է գործադրում երկու խնդիրների անհապաղ լուծման համար։
Ադրբեջանի ՊՆ մեքենան պայթել է Քարվաճառում. կան զոհեր
«Ռուսաստանը կողմ է պատերազմից հետո ծագած բոլոր հումանիտար հարցերի օպերատիվ կարգավորման՝ առանց նախապայմանների ։ Նկատի ունեմ նաև ռազմագերիների վերադարձը և ականների հետ կապված խնդիրների կարգավորումը»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում։ Նրա խոսքով, «այդ ուղղությամբ առաջին նախնական քայլերն արված են» և հիմքեր կան կարծելու, որ «գործընթացը զգալիորեն կարագանա և խնդիրը լիարժեք կլուծվի»։ Հուսով ենք՝ շուտով։