Նախագահի ԱՄԷ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում

«Մասդար» ընկերությունը սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության ներկայացուցիչներ Մոհամեդ ալ Շեհիին և Վիպուլ Գոյալին: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Մասդար» ընկերությունը սկսում է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում, որն առաջիկայում կմեկնարկի «ԱՅԳ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում:

Վերականգնողական էներգիայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ Աբու Դաբիում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և «Մասդար» ընկերության միջև 2019 թվականին ստորագրվել էր համատեղ զարգացման մասին համաձայնագիր՝ Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծեր իրականացնելու վերաբերյալ:

Նախագահի ԱՄԷ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում

«Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրություններ այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: «Ներդրումներ և փոխգործակցության նոր ծրագրեր ենք ակնկալում նաև մյուս՝ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, լոգիստիկայի և այլ ոլորտներում: Մեր երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն»,-նշել է նախագահ Սարգսյանը:

«Մասդարի» ներկայացուցիչները և հանդիպմանը մասնակցող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը տեղեկություններ են ներկայացրել նոր նախագծի ծավալների, իրականացման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին: